Արծաթը հայտնի է վաղ անցյալից: Այն ոսկու և պլատինի նման ազնիվ, թանկարժեք, սպիտակափայլ, գեղեցիկ տեսքով մետաղ է: Նրանից պատրաստել են սեղանի սպասք և տարբեր զարդարանքներ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Մ.թ.ա. 2500 թ-ին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ: Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. V–IV դարերում), Արտաշատում (մ. թ. ա. II–I դարերում):
Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների (ցինկ, կապար, կոբալտ, պղինձ) արդյունահանման ժամանակ: Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Մեքսիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում:
Արծաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Այն չափազանց պլաստիկ է, նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ: Թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ արծաթից պատրաստում են ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, մանյակներ, գոտիներ, սեղանի և եկեղեցական սպասք: Ներկայումս հատուկ հոբելյանների առիթով թողարկվում են նաև արծաթե հուշադրամներ: Ի տարբերություն այլ մետաղների՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած տեսանելի լույսը: Այդ հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում: Առաջին հայելիները եղել են արծաթե փայլաթիթեղները: Հետագայում մշակվել են արծաթապատող լուծույթներ, որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը: Արծաթապատումն իրականացվում է մետաղական արծաթով, որը ստացվում է արծաթի աղերի ամոնիակային լուծույթի և գլյուկոզայի կամ ֆորմալինի փոխազդեցությամբ (այդ երեվույթը հայտնի է որպես արծաթահայելու ռեակցիա): Արծաթապատումը կիրառվում է արդյունաբերության մեջ` ավտոմեքենաների ցոլարձակ լապտերների և լուսարձակների պատրաստման համար:
Մանրէասպան հատկությունների շնորհիվ արծաթն օգտագործվում է բժշկության մեջ: Այն հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար:
IV դարում Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը մտան Հնդկաստան: Ինդ լճի ափին զորքում աղեստամոքսային հիվանդության համաճարակ տարածվեց, որը ինչքան էլ որ զարմանալի է, չվարակեց և ոչ մի զորավարի: Պարզվեց, որ հասարակ զինվորները օգտվում էին անագե ափսեներից և բաժակներից, իսկ նրանց հրամանատարները՝ արծաթե: Այդ ժամանակ էլ հիշեցին, որ Մեծն Քիր II պարսկական թագավորը արշավների ժամանակ հրամայում էր խմելու ջուրը պահել արծաթե տարաներում: Ավելի ուշ հռոմեական լեգեոներները սկսեցին կրել արծաթե զրահներ:
Արծաթը օժտված է հակաբակտերիալ հատկություններով: Այն մանրեազերծում է ջուրը նաև նպաստում է վերքերի շուտափույթ լավացմանը՝ առանց փտման պրոցեսի:
Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ արծաթի մեծ կոնցենտրացիաները թունավոր ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա:
Համացանցից ծաղկաքաղ արեց և նյութը տեղադրեց Արման Բերակչյանը, ոսկերիչ