Անդորր գիշեր էր: Շրջակայքում ամեն ինչ նիրհել էր: Միայն ջրաղացների միալար չխկչխկոցն էր լսվում: Այդ ձայնի տակ կարելի էր խաղաղ ու հանգիստ քնել: Սակայն ծեր ջրաղացպանի քունը չէր տանում. նա քաղցած էր: Բայց կեսգիշերին որտեղի՞ց հաց գտնես: Մոտակայքում ոչ ոք չկար: Ծերունին սկսեց այս ու այն կողմ պտտվել: Հանկարծ աչքն ընկավ ալրամանին: Գլխում ինչ-որ միտք փայլատակեց: Առանց ժամանակ կորցնելու՝ նա մի քանի բուռ ալյուրից խմոր հունցեց: Հապճեպ կրակ վառեց ու խարույկի կողքին տափարակ մի քար գցեց: Որոշ ժամանակից քարը թեժացավ: Հետո խմորից գնդիկներ արեց, հարթեցրեց դրանք ու կպցրեց քարին այնպես, ինչպես թոնրի պատին են կպցնում:
Ջրաղացպանը երբևէ այդքան ախորժակով չէր ընթրել:
Այդպես ստեղծվեց հայկական բաղարջը՝ անթթխմոր հացը, որի համը մնաց ջրաղացների ալրոտ պատերի ներսում:
Նյութը պատրաստեց Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար