Մի թագավոր ոսկուց գութանի խոփ է շինել տալիս: Հետո հրավիրում է իր երկրի իմաստունիներին ու մեծամեծերին և ասում.
-Ո~վ իմաստուն ու պատվական այրեր, որոշեցե´ք իմ ոսկե խոփի գինը:
Իմաստունները խելք խելքի են տալիս, մտածում, վիճում, բայց չեն կարողանում համաձայնության գալ: Գնում են թագավորի մոտ:
-Քո խոփը մեկ միլիոն ոսկի արժե, տե´ր թագավոր,- ասում է մի իմաստուն:
-Ո´չ, ո´չ, արքա´ ամենազոր,- հակաճառում է երկրորդը,- քո խոփը տասը միլիոն ոսկի արժե :
-Դա չէ, իմաստուննե´ր, դա չէ խոփի գինը, նորի´ց մտածեք,- առարկում է արքան:
Մի օր թագավորի մոտ գալիս է մի հողագործ և ասում.
-Թագավո´րն ապրած կենա, քո ոսկե խոփը մայիսին եկած հորդ անձրևի արժեք ունի:
-Ա´յ գեղջուկ, շատ չնչին չէ՞ տվածդ գինը:
-Ո´չ, հզո´ր թագավոր,- վստահորեն պատասխանում է մաճկալը,- ոսկուց չէ, մարգարտից ու անգին քարերից էլ շինես քո խոփը, վար ու ցան անես, արժեք չունի, եթե հանդ ու արտի վրա մայիսյան անձրև չգա: Երաշտից բերքը կչորանա: Այո´, քո խոփի գինը մայիսին եկած անձրևի արժեք հազիվ ունենա:
-Գտա´ր, մաճկա´լ եղբայր, կեցցե´ս,- ծերունու ասածը հավանում է արքան և նրան ճանապարհում ճոխ նվերներով ու մեծ պատվով:
Նյութը պատրաստեց Սեդա Դանիելյանը, արհեստների դպրոց, կարի մոդելավորում