Փոշեպատառ ճանապարհով դեպի ամրոց էին շարժվում իշխան Կամսարականի՝ թշնամու մեծաթիվ զորքին պարտության մատնած հեծյալների գունդը՝ խրոխտ ու հաղթանակից ոգևորված: Իշխանը, որ զգոն ու աչալուրջ մարդ էր, ճանփեզրին՝ ամրոցի դարպասների մոտ, նկատեց ալեհեր մի ծերունու՝ մուրացիկների քուրձը հագին: «Ամենուրեք լրտեսներ են վխտում. պետք է պարզել՝ ով է այս մարդը» ,- մտածեց իշխանը և հրամայեց իր մոտ բերել նրան:
— Ո՞վ ես, ի՞նչով ես զբաղվում,- խստահայաց խոժոռադեմ հարցրեց իշխանը:
Ծերունին խորը ակնածանքով գլուխ տվեց ու ասաց, որ ինքը տաղասաց է, երգում է խնջույքներում. նաև հետաքրքրաշարժ խնդիրներ, հանելուկներ ու խրախճանականներ է առաջարկում մարդկանց: Այ, օրինակ, իշխանը կարող է ասել՝ ինչպես եղավ, որ ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու կինը թխեցին երեք բաղարջ, սակայն յուրաքանչյուրին հասավ մեկ ամբողջական բաղարջ:
— Ջրաղացպանի աղջիկը քահանայի կինն էր, — ինքնավստահ պատասխանեց իշխանը, ապա շարունակեց, որ ինքն ավելի խրթին խրախճանական կարող է առաջարկել. ճիշտ պատասխանելու դեպքում նա՝ ծերունին, նոր հագուստ ու ձի կստանա:
Ծերուկը գլխով արեց.
— Համաձայն եմ:
— Առաջին անգամ ջախջախել եմ թշնամու զորքի կեսը, երկրորդ անգամ՝ քառորդը, երրորդ հարձակաման ժամանակ՝ տասնմեկերորդ մասը: Մնացած երկու հարյուր ութսուն զինվորը մազապուրծ ճողոպրել են,- քննախույզ հայացքը դեպի ծերունին՝ փոքր-ինչ հապաղեց իշխանը: -Որքան է թշնամու ընդհանուր թվաքանակը: Նույն օրը իմաստուն ծերունին, մի բոցավառ աշխետ հեծած ու շքեղ հանդերձավորված, հեռացավ ամրոցից:
Նյութը պատրաստեց Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար