Առաջին հագուստը թզենու տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը: Ավելի ուշ նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, ձկան կաշին, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ: XIX դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք:
Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին: Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր: Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն: Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ: Սպորտի զարգացմանը զուգընթաց` մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ: Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն:
Հագուստը ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց:
Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց, վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ, կիսավարտիք, վարտիք և այլն):
Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը, գուլպան, կիսագուլպան և այլն:
Ծաղկաքաղը՝ համացանցից:
Նյութը պատրաստեց Սեդա Դանիելյանը, արհեստների դպրոց, կարի մոդելավորող