Ասում են՝ ստի ոտները կարճ են լինում: Այս ասացվածքը խոր իմաստ ունի իր մեջ: Ամեն մարդ պետք է այս միտքը իր մեջ պահի: Կյանքում ընդհանրապես պետք չէ սուտ խոսել, բայց լինում են այնպիսի իրավիճակներ, երբ սուտը անխուսափելի է: Դեպքեր են լինում, երբ սուտը կարող է փրկել մարդու կյանքը: Բայց այս դեպքում էլ պետք է նորից լա˜վ մտածել: Մարդիկ հաճախ գերադասում են լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը: Բայց, միևնույնն է, ինչպիսի սուտ էլ լինի, վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս, ինչպես իմ դեպքում:
Մի անգամ որոշել էի մարտի 8-ի կապակցությամբ մայրիկիս անակնկալ անել, և որպեսզի անկնկալն ստացվի, նրան ասել էի, որ գնում եմ ընկերուհուս հետ զբոսնելու: Երբ ես տանից դուրս էի եկել, մայրս զանգահարել էր ընկերուհուս տուն, և հեռախոսը վերցրել էր նա: Մայրիկս հասկացել էր, որ ես սուտ էի խոսել: Երբ վերադարձա տուն, իմացա, որ մայրս տեսել է անակնկալը, շատ է հավանել ու արդեն եղածի մասին ինձ ոչինչ չասաց: Բայց ես որոշ ժամանակ անց իմացա այդ մասին ընկերուհուցս. նա չիմանալով, որ ես չգիտեմ ՝ ասաց ինձ: Այդ ժամանակ հասկացա, որ պետք չէ սուտ խոսել, բայց սուտ չասել չէի կարող, քանի որ անակնկալս չէր ստացվի: Ինձ էլ են շատ անգամներ սուտ ասել, բայց հետո ես իմացել եմ ճշմարտությունը: Ահա թե ինչու չեմ սիրում, երբ ինձ ստում են:
Հեղինակ՝ Սվետլանա Մանգասարյան, քոլեջ, թարգմանիչ- գործավար