Կարոտ…զգացմունք, որին հաղթելը դժվար է, զգացմունք, որի դեմ պայքարելը դժվար է: Երկչոտ այս բառը ուղղակի կոչվում է կարոտ: Չեմ կարող բացատրել, թե ինչ է կարոտը, բայց գիտեմ, որ բոլորը կարոտում են, շատերը կարոտում են իրենց երիտասարդությունը, շատերը` մանկությունը, բայց մարդկանց մեծ մասը կարոտում է իրենց սիրելի մարդկանց, կարոտում են նրանց, ովքեր այս պահին իրենց կողքին չեն, հեռու են իրենցից, և դու չես կարող ոչինչ անել նրանց տեսնելու համար: Հենց ամենավատն էլ դա է, երբ դու ուզում ես, բայց անզոր ես…
Կարոտ… Բառն այս այնքան ասելիք ունի իր մեջ՝ հարազատներ, ընկերներ, թանկ մարդիկ, սիրելի զբաղմունք, և դու պատրաստ ես անել ամեն ինչ՝ նորից հետ բերելու այդ պահերը, րոպեները, վայրկյանները և նորից նրանց ասելու, թե ինչքան ես սիրում նրանց, ինչքան կարևոր են նրանք քեզ համար: Հիշում ես, թե նրանք ինչեր են արել քեզ համար, որ դու լինես երջանիկ, չունենաս ոչնչի կարիք: Դու եղել ես ու կաս նրանց սիրելին, ում համար նրանք պատրաստ են անել անհնարինը: Հաճախ մենք հենց կարոտից դիմում ենք անհավանական քայլերի, բայց ես գիտեմ ու հասկանում եմ, որ Դուք այդտեղ ավելի պետք եք և կարող եք ինչ-որ բան փոխել, ես ուրախ եմ, որ Դուք կօգնեք, և նրանք կհաղթահարեն այս ամենը:
Գիտեմ՝ Դուք էլ մեզ եք կարոտում, բայց պետք է սպասել և դիմանալ և հիշել, որ Դուք իմ կյանքի կարևորագույն մասն եք, ում սիրում եմ ամեն ինչից առավել:
Կարոտում եմ, բայց և հասկանում…
Նյութի հեղինակ՝ Աղավնի Սահակյան, քոլեջ, նախադպրոցական ուսուցում