Հայքը հայոց աշխարհի տանիքն է: Մի անգամ ձմեռն այնպես պինդ նստեց այնտեղ, որ ոչ ոք գարուն, ամառ ու աշուն չտեսավ: Մարդիկ տներում փակվեցին, անասունները՝ գոմերում: Մոռացան և´ վար ու ցանքս, և´ արտ ու այգի: Սերմացու ցորնահատիկները սկսեցին ուռչել և գիշերները տարօրինակ ձայներ հանել: Մարդիկ ստիպված ցորենի մի մասը փռեցին սկուտեղների վրա: Ամեն օր մի քիչ ջուր էին ցողում, խոնավացնում, որպեսզի «մեղմեն սերմացուի բարկությունը»:
Բայց տասը-տասնհինգ օր հետո դրանք սկսեցին ծլել: Մարդիկ մտմտացին, մտմտացին և որոշեցին իրենց անելիքը: Հենց որ ծիլերը բարձրացան երկու մատնաչափ, նրանք ցորենն սկսեցին ծեծել սանդերի մեջ, հյութի հետ այլուր խառնել և եփել մինչև կարմրավուն դառնալը:
Այսպես ստեղծվեց հայկական քաղցրահամ ուտելիք ածիկը: Հետո հայերը իմաց տվին միմյանց և Հայաստանի բոլոր կողմերում սկսեցին ածիկ պատրաստել ամեն տարի: Դրանով նրանք «վախեցնում էին» ձմռան աչքը. եթե մի տարի ածիկ չեփես՝ ձմեռն աներես հյուրի նման ամբողջ տարին դուրս չի գա հայոց աշխարհից:
Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան, «Հացապատում», 35 էջ
Նյութը պատրաստեց Անուշ Աղաջանյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար