Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից: Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։
Մարգարտի չափերը տարբեր են. հանդիպում են ասեղագլխի չափից մինչև աղավնու ձվի չափ ունեցող մարգարիտներ։ Մինչ այժմ գտնված 450 կարատ մեծությամբ ամենամեծ մարգարիտը պահվում է Լոնդոնի Երկրաբանական թանգարանում։ Հենց անգլիական արքայական թագն են զարդարում նաև ամենահայտնի սև մարգարիտները։
Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, կրեմագույն, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն կամ երկնագույն։ Իսկ ըստ ձևի այն կարող է լինել՝ կանոնավոր, գնդաձև, կիսագնդաձև, երկարավուն, արցունքաձև: Սա հավասարապես վերաբերում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական մարգարիտներին։
Արհեստական մարգարիտ շատ դժվար է «աճեցվում». 1000 խեցիներից կեսը, որոնցում տեղադրվում է օտար մարմին, մահանում են՝ չդիմանալով այդ ներխուժմանը։ Եվս 20 տոկոսը մահանում է այն երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում մարգարտի աճը։ Ընդհանրապես լինելով ամենահարգի զարդի վերածված կենդանի էակ՝ մարգարիտն աստիճանաբար «սփրթնում» է, շերտավորվում և քայքայվում։
Սակայն ճիշտ խնամքի դեպքում դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Դա իրականացնելու համար նախ պետք է այն անընդհատ կրել։ Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ և չոր վայրերում, ինչպես նաև՝ երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը սփրթնել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումով, ապա և՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել, հնարավորինս խուսափել դրանց և օծանելիքի, յուղերի, սոսնձի շփումից։ Բացի այդ մարգարտաշարը կազմելիս խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մարգարտահատիկն անցկացնելուց հետո քարկապ գցել թելը և միայն հետո անցկացնել երկրորդը։ Եվ այդպես շարունակ։ Դա կկանխի մարգարտահատիկների՝ միմյանց համար որոշակիորեն վնասակար անմիջական շփումը, իսկ թելը, որի վրա հավաքված են մարգարիտները, պետք է փոխել 2-3 տարին մեկ։
Նյութը պատրաստեց Գոռ Բայաթյանը, ավագ դպրոց