Հայկական մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ, զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը (պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է, գտնվել է Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից, ներկված է հայկական որդան կարմիրով, գտնվում է Էրմիտաժում), ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ:
Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք:
Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր: Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց: Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր: Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր: Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը: Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից: Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից:
1915թ. ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով: Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով:
Աղբյուրը՝ համացանց:
Նկարում՝ պազիրիկ գորգն է:
Նյութը պատրաստեց Նվարդ Բաղդասարյանը, Ավագ դպրոց