Գորգը, որպես գունային ու զարդանախշային հորինվածքի տեսակ, իր վրա է հրավիրել շատ նկարիչների ուշադրությունը` նրանց ստեղծագործություններում ստանալով տարբեր մեկնաբանություն ու բովանդակություն: Այն իր գունագեղ նախշազարդերով գրեթե բոլոր ժամանակներում հետաքրքրել է հայ նկարիչներին ոչ միայն զուտ հայկական ազգային միջավայր ստեղծելու, այլև գունային կոմպոզիցիա կառուցելու նպատակով:
Վ. Սուրենյանցի «Խրիմյան Հայրիկի դիմանկարը» կտավում հատակին փռված հայկական գորգը ոչ միայն սենյակը զարդարելու, այլև ազգային կոլորիտ ստեղծելու նպատակ ունի: Գեղանկարչական հնարք է եզրագծերով գորգի ընտրությունը: Այն օգնում է սենյակում խորության տպավորություն ստեղծելուն: Բացի այդ, նախշազարդ գորգի վրա ավելի հստակ է ընդգծվում սպիտակ ծրարը՝ կաթողիկոսի հուզախռիվ տրամադրության պատճառը:
Փանոս Թերլեմեզյանի «Կոմիտասի դիմանկար»-ում հեղինակը, որպես գունային կոմպոզիցիայի կարևոր տարր, օգտագործել է գունագեղ գորգը, որն այստեղ ունի երկակի նշանակություն: Նախ` նպաստում է ազգային կոլորիտի ստեղծմանը, և ապա՝ վերականգնում գունային հավասարակշռությունը առջևի և հետևի պլանների միջև: Երկրորդ պլանի վրանը գունային առումով բավականին ակտիվ է, իսկ նախշազարդ գորգը Կոմիտասի սև սքեմի հետ վերականգնում է հավասարակշռությունը:
Բոլորովին այլ դեր է հատկացված հայկական գորգերին Սարգիս Մուրադյանի «Վերջին գիշերը» կոմպոզիցիայում, որտեղ չորս կողմում պատկերված գորգերն իրենց արնագույնով ամբողջացնում են վերջին գիշերվա դժոխային պատկերը:
Նկարիչներ Հ. Շամշինյանի «Հին Թիֆլիս», Վ. Էլիբեկյանի «Մածուն վաճառող», «Ղեյնոբա., «Գորգավաճառ. պատկերներում դիտողի առջև վերակենդանանում է 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի հին Թիֆլիսի հայկական թաղամասերի կենցաղը: Պատշգամբներից կախված խայտաբղետ գորգերը, խանութների ցուցափեղկերի վառվռուն գուներանգներով կարպետներն ամբողջացնում են հին Թիֆլիսի մարդաշատ ու եռուն փողոցների խճանկարը:
Աղբյուրը՝ համացանց:
Նյութը պատրաստեց Էդուարդ Ջահանգիրյանը, ճամբարական