Դուք երբևէ նկատե՞լ եք, որ ձեր այգում տեղեր կան, որտեղ գարնանը ձույնը ամենավերջինն է հալչում: Կամ հենց նույն նարգիզները այգու մի տեղում աճում են ու ծաղկում, իսկ մյուս հատվածում ձև են անում, թե աճում են: Դրա պատճառը ամենից առաջ ձեր հողամասի տարբեր միկրոկլիմաներն են: «Միկրոկլիմա» բառը տվյալ դեպքում նշանակում է այն ոչ մեծ տարածքը, որտեղ հողի կլիման տարբերվում է հիմնական տարածքի մնացած հողերից: Այն կարող է ավելի սառը կամ ավելի տաք, կամ անգամ ավելի չոր կամ ավելի խոնավ լինել, քան ձեր տնամերձի մնացած մասերում:
Այդպիսի հատվածները կարող են մեծ չլինել. օրինակ`բետոնե պատի դիմաց գտնվող հարավային հողատարածքի հողը շատ լույս ու տաքություն է ստանում, իսկ արևի ուղիղ ճառագայներից հեռու, ստվերոտ հատվածը ավելի խոնավ է ու ցուրտ:
Ի՞նչ է նշանակություն ունի միկրոկլիմա ձեր այգու համար:
Որպես այգեգործ` դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր հողամասի միկրոկլիմայի տեղաբաշխմանը: Ինչքան լավ իմանաք դրա մասին, այնքան ավելի լավ արդյունքներ կստանաք ցանկացած բույսի աճեցման արդյունքում: Մենք բոլորս էլ, իհարկե, բույսեր տնկելիս ջանում ենք հաշվի առնել նրանց ցրտադիմացկունությունը: Բայց ամեն տնամերձում լինում են այնպիսի հատվածներ, որտեղ որոշ բույսեր իրենց լավ են զգում, չնայած այն բանին, որ տեսականորեն չեն հանդարժում ցուրտը, և հակառակը, այն բույսերը, որ մեր կարծիքով լավ կաճեն, ոչնչանում են:
Միկրոկլիմաների մասին իմացությունը համարվում է լավ այգեգործի առավեություններից մեկը: Այն տարածքերը, որտեղ ձյունը արագ է հալչում և հողը արագ է տաքանում գարնանը, օգտագործեք նուրբ, բազմամյա բույսերի տնկիների համար: Եթե ձեր այգում կա տեղ, որտեղ ջուր է հավաքվում, կարող եք ցամաքեցում կամ ճահճային գոտի ստեղծել:
Եթե դուք շատ եք ուզում փոփոխել գոյություն ունեցող միկրոկլիման, քան հարմարեցնել այն, ապա իմացեք, որ դա ևս հնարավոր է: Օրինակ` եթե հողի մեջ ջուրը լավ չի ներծծվում, ապա կարող եք փոխել հողի թեքությունը, կամ փխրեցնել այն, որպեսզի նպաստենք խոնավության ներծծմանը: Սառած հատվածներում արևի ճառագայթների ներթափանցման համար կարելի է կտրատել ծառերի ճյուղերը:
Թարգմանությունը` Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս
Աղբյուրը այստեղ: