-Ընկեր Թերեզա, վաղո՞ւց եք աշխատում կրթահամալիրում: Մի փոքր պատմեք ՝ ինչպե՞ս եկաք կրթահամալիր:
— Ես կրթահամալիր եկել եմ անցած տարի նոյեմբերի 15-ին, այսինքն՝ հենց այսօր լրանում է իմ աշխատանքային 1 տարին, որ ես ոտք եմ դրել կրթահամալիր: Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայի «Քանդակ» բաժինը, բայց քանի որ շատ սիրում եմ հագուստի մոդելավորում և դիզայն, որոշեցի այդ ուղղությամբ աշխատել, որոշեցի նաև, որ դա պետք է լինի հենց կրթական ոլորտում:
Կարծում եմ, որ հենց այս ոլորտում շատ գործ կա անելու, ուզում եմ իմ ներդրումն ունենալ: Երբ եկա այստեղ վերապատրաստման, այն տևեց ընդամենը 4 օր: Հետո երևի նկատեցին, հիշում եմ՝ Լուսինե Բուշն էր: Ասացին, որ պետք է գնամ Հյուսիսային դպրոց՝ Քնարիկ Ներսիսյանի մոտ: Պրակտիկա անցա, որից հետո կոնկրետ աշխատանքի եմ անցել՝ հունվարյան նախագծով: Ահա այսպիսին է եղել իմ մուտքը կրթահամալիր:
—Ի՞նչ է տալիս Ձեզ կրթահամալիրը, և ի՞նչ եք տալիս Դուք կրթահամալիրին:
— Եթե անկեղծ ասեմ, ավելի շատ կրթահամալիրն է ինձ տալիս, որովհետև ես սկսել եմ կրթահամալիրով ապրել: Շատ եմ սիրում երեխաներին, սովորողներին պաշտում եմ ուղղակի: Հենց նրանք էլ ինձ ստիմուլ են տալիս: Դա միայն ապրելու, ստեղծագործելու, նոր ինչ — որ մտքեր իմի բերելու համար նախագծերի տեսքով արտահայտելով՝ արդեն բավական է: Սակայն նրանք՝ սովորողները, այդ ամենից բացի տալիս են ինձ անսպառ սեր, վստահություն, իսկ դա հեշտ չէ:
-Ի՞նչ նախագծեր ունեք իրականացնելու կրթահամալիրում:
-Շատ բան կա իրականացնելու. հերթով գալիս ենք ըստ տարիքի, նախասիրությունների: Պետք է հասկանաս, թե երեխան ինչ է քեզանից ակնկալում: Շատ կարևոր է իմանալ՝ ինչ է ինքը ուզում, քանի որ չենք դնում և պարտադրում: Առջևում Ամանորի տոներն են մոտենում, պատրաստվում եմ դիմակներ ցուցադրություն իրականացնել սովորողների հետ: Դա կլինի կամ Մեդիաուրբաթի ժամանակ կամ տեսահոլովակի տեսքով: Կորոշենք:
—Կրթահամալիրում Սեբաստացու օրերն են: Ձեր մաղթանքը բոլոր սեբաստացիներին:
-Ուզում եմ, որ ուրախ լինենք ինչպես միշտ, ազատ լինենք, լավ քաղաքացի լինենք: Այստեղ, վստահ եմ, ապագա լավ քաղաքացի ենք պատրաստում:
Հարցազրույցը վարեցին Անի Հովհաննիսյանը և Մերի Ավչյանը, Քոլեջ, 3-րդ կուրս