21-րդ դարում գեղեցկության սրահները դարձել են ժամանակակից մարդու սովորական առօրյայի մի մասը: Շուգարինգ, լիֆտինգ, պիլինգ բառերով արդեն ոչ մեկին չես զարմացնի, էլ ինչ ասենք ավանդական մերսման, մանիկյուրի և պեդիկյուրի մասին: Իսկ դուք երբևիցե մտածել եք, թե ինչպես են հայտնվել առաջին այդպիսի հաստատությունները, ինչո՞ւ էր քիմիական գանգրացումը հիշեցնում ինկվիզիցիայի տանջանքներից, ո՞վ է մտածել կոսմետոլոգի մասնագիտությունը: Եկեք միասին ուղևորվենք անցյալի գեղեցկության սրահներ և իմանանք, ինչպես է զարգացել նրանց պատմությունը:
Գեղեցկության սրահների ակունքներում
Գեղեցկության սրահների մասին առաջին հիշատակումներից մեկը (տեղ, որտեղ մարդիկ գալիս էին, որ գեղեցկացնեին իրենց արտաքինը) թվագրվում է մ.թ. 9-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ է, որ մուսուլմանական Իսպանիայի կառավարիչը Բաղդադից իր մայրաքաղաք Կորդովա հրավիրեց հայտնի երգիչ և երաժիշտ Զիրյաբին: Ինչպես պարզվեց, նա ոչ միայն երգել և նվագել գիտեր, այլև հիգիենայի հիմունքների և նորաձևության միտումների գիտակ էր: Մասնավորապես՝ նա է հայտնագործել ատամի մածուկը: Ցավոք, նրա բաղադրատոմսը չի պահպանվել, բայց պատմական փաստաթղթերում նշվում է, որ այն ուներ հաճելի համ: Կա վարկած, որ նա միանգամից մի քանի գեղեցկության սրահներ է բացել Կորդովայի ազնվական կանանց համար: Այնտեղ նա սովորեցրեց կանանց եղանակին համապատասխան հագնվել, լվանալ գլուխը հոտավետ յուղերով, ցուցադրեց մազերի կտրվածքների և դիմահարդարման նոր միտումներ, մազափունջը մինչև հոնքերը հոսնող սանրվածք առաջարկեց:
Միջնադարում գեղեցկության սրահները պարզապես գոյություն ունենալ չէին կարող: Կրոնական խիստ կանոնակարգերը սահմանում էին ամեն մարմնականի մեղավորությունը, ուստի գեղեցկության էտալոնները բավականին համեստ ու պարզ էին: Կոսմետիկան իրենից ներկայացնում էր ընդամենը բուսական էքստրակտների և մի քանի քիմիական նյութերի օգտագործում: 17–18 դարերում հիմնական շեշտը դրվում էր բնական գեղեցկության և մաշկի խնամքի վրա, իսկ կոսմետիկական բոլոր միջոցները վաճառվում էին դեղատներում կամ պատրաստվում էին կանանց կողմից ինքնուրույն, ձեռքի տակ եղած նյութերով:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ