Լուլու Հաշիմոտոն մոդել և համացանցային հայտնություն է Ճապոնիայից, ում կոչել են «մարդկային տիկնիկ»: Եվ ոչ անտեղի. նկարում դուք նրան չեք տարբերի ճենապակյա արձանիկից: Այնուամենայնիվ նա ռոբոտ չէ, այլ մարդ, բայց աղջկա իրական դեմքը ոչ ոք չի տեսել: Լուլուն արտասովոր մոդել է, ով պահում է իր կերպարը հատուկ հագուստի միջոցով, որը տիկնիկի մարմին է հիշեցնում՝ դիմակով, կեղծամով և հաճելի զգեստով: Հարցազրույցի ժամանակ նա նույնիսկ հաղորդավարի ականջին շշնջում է պատասխանները, չէ՞ որ տիկնիկները սովորաբար չեն խոսում:
Դիզայներ Հիտոմի Կոմակին՝ Լուլուի պրոդյուսերն ու հագուստի ստեղծողը, պատմում է, որ «կենդանի տիկնիկը» իր և Նոկոպանի ստեղծագործական թիմի միասնական աշխատանքի արդյունքն է: Նրանք պատրաստում են տիկնիկների հագուստներ և գլխի դիմակներ, որոնք դիզայներին շատ են դուր եկել, և նա առաջարկել է նրանց՝ միասին աշխատել «տիկնիկի մոդելի» վրա: Փորձն այնքան հաջողվեց, որ Լուլուն դարձավ համացանցային հայտնություն:
Գոյություն ունի Լուլուի միայն մեկ հագուստ, բայց այն կրել են մի քանի մարդիկ: Նրանց մեջ են մտնում դիզայներներ, պարողներ, մոդելներ: Պրոդյուսերի խոսքերով մարդու ինքնությունը, որը ներկա պահին Լուլուի կերպարի մասն է կազմում, գաղտնի է պահվում: Դա չի խանգարում կերպարին շատ ուշադրություն հրավիրել դեպի իրեն. փողոցներում և ցուցահանդեսներում աղջկան շատ մարդիկ են մոտենում նկարվելու խնդրանքով, և նա միշտ ուրախ է լինում կեցվածք ընդունել: Չնայած Լուլուն նման չէ սովորական աղջկա, այնուամենայնիվ նա ունի սովորական մարդկային հետաքրքրություններ և բնավորություն: Երազկոտ և մի փոքր մելանխոլիկ է, միշտ ուզեցել է դառնալ մոդել, բայց նաև սիրում է գրքեր կարդալ և բալետով զբաղվել:
Ինչպես ցանկացած աղջիկ, Լուլուն փոխում է հագուստները, մազերի գույնը և սանրվածքները, բայց նա նաև ի վիճակի է փոխել իր հասակը: Եվ բոլորովին էլ ոչ բարձր կրունկների շնորհիվ, նրա հասակը կախված է տիկնիկի գլխի չափսից: Այդպիսով Լուլուն ճապոնական միս ID մրցույթի կիսաեզրափակիչներից մեկն է: Ինչպես ասում են կազմակերպիչները, դա այն աղջիկների համար է, ովքեր արժանի են նկատված լինելու նոր դարաշրջանում: Մրցույթին մասնակցում են ոչ միայն մարդիկ, այլ նաև կերպարներ, որոնք ստեղծված են արհեստական ինտելեկտի և 3d գրաֆիկայի օգնությամբ: Համաձայնեք, որ Լուլուն լիովին ընդգրկվում է այդպիսի ֆուտուրիստական մրցույթի կոնցեպցիայում:
Հիմա արդեն ոչ ոքի չի զարմացնում, որ վիրտուալ մոդելները դառնում են կոսմետիկական բրենդերի դեմքեր, սակայն «կենդանի տիկնիկը» դեռ առաջինն է իր տեսակի մեջ:
Հնարավոր է, Լուլուի անձը ընդամենը նոր մակարդակի քոսփլեյ է, բայց մարդիկ, ովքեր չեն վախենում այդպիսի արտասովոր ձևերով ինքնաարտահայտվելուց, մեր աշխարհը դարձնում են ավելի հետաքրքիր:
Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք Լուլու Հաշիմոտոյին կհաջողվի մոդայի աշխարհում նոր առաջընթացի սկիզբ դնել:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Հռիփսիմե Պետրոսյանի, Քոլեջ, 3-րդ կուրս