Ոչինչ չի կարող հավերժ լինել, այդ թվում՝ մարդկանց զբաղվածությունը: Ձեռքի աշխատանքը փոխարինվում է մեքենաների աշխատանքով, մտայինը՝ համակարգչայինով, իսկ որոշ մասնագիտություններ պարզապես անհետանում են: Օրինակ՝ կինոթատրոններում վաղուց արդեն կարիք չկա դաշնամուր նվագել, փողոցային լապտերները իրենք իրենց են վառվում և այլևս կարիք չի լինում հեռախոսով զանգահարել ու խնդրել «օրիորդին»՝ ձեզ միացնելու անհրաժեշտ աբոնենտի հետ: Ներկայացնում ենք պատմության գիրկն անցած մի քանի մասնագիտություններ.
Մարդ — զարթուցիչ
Այս մասնագիտությունը տարածված է եղել Մեծ Բրիտանիայում արդյունաբերական հեղափոխությունից հետո, և, եթե վստահենք BBC- ին, այն գոյություն է ունեցել երկրի որոշ շրջաններում, մինչև 1970-ական թվականները: Մարդ-զարթուցիչները, ինչպես դժվար չէ կռահել նրանց անունից, մահակով թակելով մարդկանց պատուհանները, արթնացրել են նրանց, որպեսզի աշխատանքի գնան: Ձեզ մոտ հավանաբար հարց առաջացավ. «Իսկ ո՞վ էր արթնացնում մարդ-զարթուցիչներին»: Պարզվում է՝ ոչ ոք. այդ մարդիկ քնում էին ցերեկը, իսկ գիշերը արթուն էին:
Ջրկիր
Զարմանալի է, բայց մենք այժմ ավելի շքեղ ենք ապրում, քան պալատականներն անցյալում, և ահա պատճառներից մեկը՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգը: Մինչ դրա հայտնվելը՝ մարդիկ ստիպված էին ջուր բերել, կամ ջրի ուղարկել ծառային, կամ օգտվել ջրկիրների ծառայությունից:
Մեքենագրուհի
Այս մասնագիտությունը անհետացել է 1990-ական թվականներին, երբ համակարգիչներն ու տպիչները եկան զբաղեցնելու գրամեքենաների տեղը: Սակայն 30 տարի առաջ մեքենագրուհիներ (սովորաբար նրանք աղջիկներ էին) կային բոլոր հաստատություններում: Նրանք օրվա ընթացքում տպագրում էին տասնյակ ձեռագիր թերթիկներ և իրավունք չունեին սխալվելու, հակառակ դեպքում ստիպված կլինեին կրկին տպագրել ողջ թերթը:
Լապտերավառ
Մի հետաքրքրաշարժ փաստ ևս. երբ 1417-ին Լոնդոնի փողոցներում քաղաքապետ Հենրի Բարտոնի հրամանով հայտնվեցին առաջին քաղաքային լամպերները, շատ քաղաքացիներ ինչ-ինչ պատճառներով դեմ էին այս նորարարությանը: Այնուամենայնիվ, լապտերները տարածվեցին ամբողջ Եվրոպայում, և մի քանի դար առաջ նրանք ստիպված էին լույսը վառել և մարել ձեռքով, լցնել տաք հեղուկը և ժամանակին մաքրել լապտերները:
Այս ամենն արվել է հատուկ մարդկանց՝ լապտերավառների միջոցով, որոնց մասնագիտությունը պահանջարկ ուներ մինչև XIX դարի կեսը, երբ յուղով աշխատող լապտերները փոխարինվեցին գազային լամպերով, իսկ դրանք ավտոմատ միանում էին:
Կառապան
Այսօր քաղաքային փողոցներում կառապանների դերը կատարում են տաքսու վարորդները «երկաթե ձիերով»՝ մեքենաներով: Այնուամենայնիվ, շատ քաղաքներում դուք դեռ կարող եք շրջել կառքերով, քանի որ ձիավարությունը կենսական անհրաժեշտությունից վերածվեց զվարճանքի՝ հատկապես զբոսաշրջիկների համար:
Մարդ-համակարգիչ
Չգիտես ինչու ընդունված է կարծել, որ կանայք մաթեմատիկական ունակություններով զիջում են տղամարդկանց: Սակայն պրակտիկան ապացուցում է հակառակը. մինչև հզոր համակարգիչների մուտքը, համակարգչի մասնագիտությունը կամ մարդկային համակարգիչը գրեթե ամբողջովին կնոջ աշխատանք էր:
Կանանց հաշվիչ թիմերը մասնակցել են խոշոր ինժեներական կառույցների նախագծմանը, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զենքի մշակմանը և առաջին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ծրագրավորմանը:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Մարիամ Գալստյանի, Քոլեջ, 3-րդ կուրս