-Ընկեր Տաթև, արդեն մի քանի ամիս է, ինչ Դուք ղեկավարում եք Քոլեջի օղակը․ Ձեր տպավորությունները։
-Այո´, մայիս ամսից ես պաշտոնապես ղեկավարում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը, պիտի ասեմ, որ առաջին տպավորություններս շատ խառնիխուռն էին. անցած տարիներին աշխատել եմ կրտսեր դպրոցում, ավելի կոնկրետ՝ Բ-4 դպրոց-պարտեզում, այսինքն՝ այսօրվա Արևմտյան դպրոցում: Գիտեք, կրտսեր տարիքի երեխաներիի հետ մի քիչ այլ էր, նրանք թռվռում են, դու էլ՝ նրանց հետ ուրախանում ես, թռվռում, այո´, նրանք ավագներիդ համեմատ ուրիշ են։ Կրտսերների հետ նաև մի քիչ ավելի հեշտ է, չնայած և՛ հեշտ է, և՛ դժվար։ Հեշտ է, որովհետև ամեն ինչ կարող են անել քեզ հետ, միասին տնկել, միասին ցանել, իրենք արագ են ընկալում, արագ են ներառվում, չեն նեղվում ոչ մի բանից ու, որ ասում ես եկեք միասին այս գործն անենք, իրենք միշտ պատրաստ են։ Մեծերի հետ մի քիչ բարդ է, նկատելիորեն դժվար է։ Ամեն մեկը չէ, որ սիրում է սա անել, նա անել, նրանք արդեն անհատականություններ են, ձևավորված բնավորություններ, կոնկրետ դիրքորոշումներ ունեն, ծանր ու թեթև կա։ Մի քիչ դժվար է այդ առումով, բայց կարևորը լավ մարդկանց հետ գործ ունենալն է, կապ չունի մեծ է, թե փոքր: Եթե մարդը էությամբ լավն է, ցանկացած բան նրա հետ հեշտ է դառնում։ Իսկ այ, երբ մարդու մեջ չար, նեգատիվ, փնթփնթան որակներ է լինում, դժվար է նրա հետ — հարաբերվելը, չես կարողանում աշխատել: Շատ կարևոր է, որ լավ սիրտ է ունենում, լավ մարդ է լինում, պարտաճանաչ է, այդ դեպքում թե´ հարաբերվելն է հեշտանում, թե´ համատեղ աշխատելը։
-Դուք արդեն նշեցիք, որ ղեկավարել եք Բ-4- ի դպրոց-պարտեզը, իսկ այժմ Քոլեջը։ Երկու տարբեր օղակներ են, և Ձեզ որտե՞ղ եք ավելի լավ զգում։
-Դժվար է ասել, երբ կրտսեր դպրոցում էի, էնտեղ էի ինձ լավ զգում , բայց հիմա, որ էստեղ եմ, ինչ-ինչ դժվարություններ կան, չեմ բացառի, բայց լավ եմ զգում ինձ, ես ընդհանրապես երեխաների հետ միշտ էլ ինձ լավ եմ զգում, երկու տեղում էլ լավ մարդկանց հետ լավ եմ զգում։
-Դուք «արմատներով» սեբաստացի եք, սովորել և ավարտել եք այս կրթահամալիրը, բարձրագույն կրթություն ստացել և վերադարձել, ի՞նչ է Ձեզ համար սեբաստացի լինելը։
-Ես արմատներով Գավառից եմ՝ հետո՝ սեբաստացի։ Այո´, սովորել եմ կրթահամալիրում, և դժվար է ասել՝ ինչ է սեբաստացի լինելը։ Ամենօրյա ապրում է, որ կդժվարանաս ինչ-որ ձևակերպում տալ, ապրում է, մտածողություն է, անընդհատ ինչ-որ նոր բան սովորելու, չկանգնելու, չտրտնջալու վիճակ։ Սեբաստացիների ամենակարևոր որակը չտրտնջալն է։ Չնեղվելն է, վայ-վույ չանելն է։
-Սեբաստացու օրերը յուրատեսակ ամփոփման օրեր են, ինչո՞վ է ներկայանում Քոլեջը։
-Ամենասկզբում, երբ որոշվեց, որ արդեն պետք է աշխատեմ Քոլեջում, ինձ համար կարևոր էր որևէ արտադրական ուսուցմամբ աշխատանքներ սկսել: Կլիներ դա կար ու ձև, տեխնոլոգիական որևէ գործունեություն, խոհարարական, թե մի այլ։ Շատ կարևորում էի դա ու շատ մտքեր ունեի այդ ուղղությամբ: Իհարկե, երբ գալիս է պրակտիկ գործունեությունը, ինչ-ինչ բաներ մի փոքր հետ են մղում քեզ, դանդաղ քայլերով ես առաջ գնում։ Բայց շատ կարևորում եմ, որ ընկեր Թերզայի, ընկեր Մերիի հետ սկսեցինք արտադրությամբ ուսուցման աշխատանքները, և այսօր հենց այդ աշխատանքներն ենք ներկայացնում «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի առիթով Քոլեջում բացված ցոցահանդես-տոնավաճառին։ Մեծ թվով սովորողներ են մասնակցել այդ աշխատանքներին, և աղջիկները հավեսով են աշխատել, ու կարևորը՝ ցուցադրվող նմուշների մեջ ճաշակ կա։ Ցուցահանդեսն ինձ դուր է գալիս, թող երեք բան լինի ցուցադրվող, բայց կարևորը ճաշակով լինի, որովհետև ճաշակը փոխանցում ենք սովորողին, ու ինքն էլ հետո պետք է հետ փոխանցի մեզ, կամ շարունակի այլ մարդկանց փոխանցել։ Արտադրությամբ ուսուցուման մեջ կարևոր է նաև իրացնելը։ Ես կարևորում եմ, որ սովորողն իմանա՝ ինքը կարող է արտադրել սա, որ ինքը կարող է դրանով փող աշխատել և ինքը վստահ լինի իր գործունեության մեջ, սովորողին վստահություն ներշնչելը շատ կարևոր է, ապագայում նա կրթահամալիրից դուրս կկարողանա իր պատրաստածը իրացնել, տարածել։ Չի նեղվի, չի ամաչի, փորձ կունենա մարդկանց հետ շփվելու, իր ձեռքերով պատրաստածը իրացնելու, այ, դա շատ կարևոր է։
-Եվ որպես վերջաբան՝ ընկեր Տաթև, Ձեր սեբաստացիական մաղթանքը։
-Էլի պիտի ասեմ չտրտնջալու մասին։ Ես իրականում տրտնջացող եմ՝ մեկ-մեկ, բայց վերջերս սկսել եմ էլ չտրտնջալ։ Տիար Բլեյանի տեսակը շատ լավն է, ես անընդհատ որպես հայրիկ նրան եմ նայում, թե ոնց է կարողանում ամենահաս, ամենակարող, տարբեր տեղերում լինել իր գործունեությամբ։ Կարևորը չնահանջելն է, էդ պայքարի ոգին միշտ արթուն պահելը: Ես էլ հիմա ձեզ մաղթում եմ, որ եթե մի նպատակ եք դնում, պետք է ձգտեք դրան հասնելու, հետ չկանգնեք, պայքարեք․սեփական ցանկությունը, սեփական նպատակներն իրագործեուլ ու չերազելու համար: Ավելի շատ պլանավորեք ձեր նպատակներն ու ցանկությունները։ Մի երկու-երեք երազանքներ պիտի ունենաս, որ չկատարվող լինեն։ Մնացածը պետք է բերել, նպատակների շարքում դասել: Որ նպատակ են դառնում, դրան հաջորդում են քայլերը, Աստված տեսնում է, որ քայլ ես արել, մի քայլ էլ Նա է օգնում։ Ահա այսպիսի մաղթանք Ձեզ՝ միշտ իրագործեք ձեր ցանկություններն ու նպատակները: Շնորհակալ եմ։
Հարցազրույցը՝ Մարիամ Տեր-Գալստյանի, Մարինե Հակոբյանի, Քոլեջ, 3-րդ կուրս