Կյանքում գոնե մեկ անգամ պետք է տնական գինի պատրաստել՝ նրա արժեքը կարևորելու համար: Եթե կարծում եք, որ դա երկարատև գործընթաց է, ուղղակի կարդացեք տնային պայմաններում պատրաստվող գինու՝ այս հերթական քայլերով բաղադրատոմսը և ձեռնամուխ եղեք հաճույքով պատրաստելու այն՝ հիշելով Ադրեանո Չելենտանոյին «Անսանձի սանձահարում»-ը ֆիլմից:
6 լիտր տնական խաղողի գինի պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝ 10կգ խաղող, 2,5-3կգ շաքարավազ:
Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի:
- Վերցրեք խաղողի ողկույզը և առանձնացրեք հատիկները: Բաժին-բաժին խաղողը լցրեք էմալապատ տարայի մեջ, տրորեք այնքան, որ հյութ դուրս գա:
- Ապա ծածկեք բաղադրությունը թանզիֆով և թողեք մինչև 4-5 օր տաք պայմաններում, որ խմորվի: Այդ ընթացքում՝ օրվա մեջ, երկու անգամ փայտե գդալով խառնեք զանգվածը:
- Խաղողի ջերմաստիճանը բարձրանալուց հետո այն պետք է լցնել հյութաքամիչ սարքի մեջ, քամել հյութը, այնուհետև նորից անցկացնել թանզիֆով: Ապա խաղողի մաքուր հյութը լցրեք տարաների մեջ, ավելացրեք շաքարավազը և խառնեք:
- Բժշկական ձեռնոց հագցրեք տարայի բերանին՝ մատների մասում ասեղով մի քանի անցք արեք և ամրացրեք ռետինե օղակով:
- 2-3 շաբաթ թողեք սենյակային ջերմաստիճանում՝ խմորման համար: Անպայման ուշադրություն դարձրեք ձեռնոցին: Գործընթացի սկզբում ձեռնոցը ուռչում է, իսկ երբ հետ է քաշվում, նշանակում է՝ գինին պատրաստ է:
- Պղպջակները վերանալուց հետո գինին պարզվում է, այն պետք է խցանով փակել: Կարևորը, որ մաքուր շշի մեջ խմորիչի պղպջակներ չլցվեն:
- Գինու տարան տեղափոխեք սառը տեղ և թողեք մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում 3 անգամ փոխեք շիշը՝ տակի նստվածքը թողնելով:
- Դրանից հետո ևս մեկ ամիս թողեք գինին սառը տեղում, և արդեն կարելի է փորձել այն: Օգտակար խորհուրդ՝ տնական գինի պատրաստելուց առաջ խաղողը չարժե լվանալ, քանի որ ջրի կաթիլներից գինին կարող է չխմորվել:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ կուրս