Ես Քնարն եմ, սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի քոլեջում՝ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ: Իսկ ինչու՞ հենց դա` ես ինքս էլ չգիտեմ: Դպրոցն ուրախությամբ ավարտելուց հետո, առանց փնտրտուքների, եկա «Մխիթար Սեբաստացի» քոլեջ՝ արդեն այս մասնագիտությունն ընտրած:
Իրականում ես այդքան էլ չեմ սիրում այս մասնագիտությունը, քանի որ նախ շատ պատասխանատու աշխատանք է, և հետո չեմ սիրում մարդկանց հետ շփվել, բայց դե ի՞նչ կարող եմ ասել, մեկ էլ տեսար ապագայում սիրեցի, քանի որ դեռ ուսումնասիրում եմ այս մասնագիտությունը։
Մասնագիտության կամ ընդհանրապես ապագայիս հարցում կայացրածս որոշումները չմտածված են ու չհիմնավորված, իսկ ինչու՞, դա ես ինքս էլ չգիտեմ, հավանաբար դեռ չեմ հասկացել կյանքի լրջութունը կամ էլ դեռ չեմ կողմնորոշվել։ Ըստ իս՝ ինչ մասնագիտությամբ էլ սովորեմ, հաստատ հետաքրքիր մի բան կգտնեմ դրա մեջ:
Հիմա ցանկանում եմ սկսել պատմել ու խոսել քոլեջում ստացած իմ մասնագիտական հմտությունների մասին: Նախ սկսեմ քոլեջի ճամփորդություններից, որոնք, բացի հաճույք ու գեղեցիկ պահեր պատճառելուց, նաև ունեն ուսուցողական բնույթ։ Նախ` ծանոթանում ենք տեղանքին, տեղանքի պատմությանը, ծագումնաբանությանը և այլն, փորձում ենք մենք էլ մասնակից դառնալ, քանի որ մինչև այդ վայրը ժամանելը` նախապես արդեն տեղեկացված ենք գալիս։ Սիրում եմ նկարել, նաև լուսանկարել, ահա իմ նկարներից մի քանիսը։
Քանի որ այս մասնագիտությունը իր մեջ ներառում է օտար լեզվի խորացված ուսուցում, մենք ուսումնասիրում ենք նաև օտար լեզուներ՝ իսպաներեն, անգլերեն և ռուսերեն։ Այս դասերի ընթացքում, մենք ստանում ենք զբոսաշրջության ավելի խորացված տեղեկություններ տվյալ լեզվով, որը օգնում է հարստացնել բառապաշարը և այլն։ Հայերենից կատարում ենք թարգմանություններ, սովորում ենք գրաբար, որոնք հետագայում այս մասնագիտության մեջ մեզ պետք կգան։ Նաև ուսումնասիրում ենք «Զբոսաշրջության ռեսուրսներ» առարկան, որի ընթացքում ավելի խորացված անցնում ենք բոլոր նրբությունները` կապված զբոսաշրջության հետ։ Իսկ Քոլեջից դուրս իմ նախաձեռնությամբ փորձում եմ ուսումնասիրել և սովորել գերմաներեն։ Բայց չեմ ցանկանում սահմանափակվել միայն այս մասնագիտությամբ և հետագայում կփորձեմ ուսումնասիրել այլ մասնագիտություններ…
Պատումը՝ Քնար Հարությունյանի, Քոլեջ, 2-րդ կուրս