Կոստան Զարյանը՝ իսպանական գինիների մասին

Իր պտուղները, իր ջուրերը, իր գինիները… Նրանք ևս մասնակցում են իր հոգեկան կյանքին, իր մշակույթի, իր աշխարհազգացողության անհրաժեշտ և անբաժանելի մասն են կազմում: Սպանիական գինիում ոգեղենության ենթարկված են հողերի տենչը եւ արևի ջերմությունը: Նա խորհրդանշան է, դիոնիսյան միջոց՝ կյանքի արարողության մասնակցելու համար: Հրավառ արևների կրակը եռում է Ալիկանտիի եւ Մալագայի խաղողների մեջ, ջերմ պսպղանք է տալիս նրանց թափանցիկ բյուրեղներին, և այն մեղմ բոցավորումը, որ ճզմվելուց հետո երգ է տարածում մեր զգայնության մակերեսին եվ բաց անում մեր հաճելի հիշողությունների փղոսկրե դռները:

Բայց այդ դեռ Ափրիկեի հեռավոր շունչն է: Ինքը Սպանիան գիտե ներդաշնակել ուժը մեղմության հետ: Վալդեպենասի գինին, լուսնի տակ դիտված այդ ադամանդը, խուժում է արյունի մեջ մեղմ լավայի նման, մոտենում է սրտիդ եւ մատերի թավշյա ծայրերով ման է գալիս լուսավոր լարերի վրա: Եվ ի՞նչ ասել Կաստիլիայի այն գինիների մասին, որոնք խմվում են փոքրիկ բաժակներով, կում-կում, լռության մեջ, որպեսզի այցելող ոգիները չվախենան եւ մեղեդիները ծնվեն: Մեղեդինե՛րը: Այնպես, ինչպես պատմում է կարմելիտների մայր Աննա Սուրբ Ավգուստինոսը,-«Գիշերը կանգ էինք առել մի գյուղի պանդոկում, որի անունը չեմ հիշում… Ես գտնվում էի Աննա Սուրբ Բարթողեմոս անունով մի ընկերուհու հետ, սուրբ Մայր Թերեզայի սենյակում, որին մենք միշտ ընկերանում էինք: Գիշեր ժամանակ մենք հանկարծ լսեցինք մի մեղեդի, որ կարծես երկնքից էր իջնում: Արդարև, այդ մասին անկարելի էր կասկածել, նախ մեղեդիի անբնական քաղցրության պատճառով և ապա աչքի առաջ ունենալով տեղի աննշան հանգամանքը, ուր անկարելի էր, որ այդպիսի երաժշտություն կարողանան նվագել… Աննա Սուրբ Բարթողեմոսը, տեսնելով, որ ես քնած եմ, սկսեց ինձ արթնացնել, որպեսզի լսեմ հրաշալի այդ նվագը: Եվ ես հստակ կերպով լսեցի, եւ մենք մնացինք խորապես համոզված, որ այդ ձայնը իջնում էր երկնքից»… Սպանիայի գինին իր առաքինությունը առնում է նույն այդ գերզգայնության աղբյուրից: Նա ոգի է: Երկնքի պատուհանները բաց անող նուրբ մի ջերմություն…

Աղբյուրը՝ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s