Ժամանակին մի ատաղձագործ կար։ Մի անգամ նա հարյուր մետաղադրամի դիմաց լավ փայտ գնեց. որոշեց արոր սարքել` վաճառելու համար։ Դրա համար արհեստանոցը բացեց ճանապարհին մոտ։ Կողքով անցնողն անպայման կմտնի։
Շուտով հայտնվեց առաջին պատվիրատուն.
— Ինձ բարձր ու ծանր արոր է պետք, դրանով ավելի լավ է վարել։
Ատաղձագործն ուշադիր լսեց հյուրին և սկսեց սարքել բարձր և ծանր արորը։
Մոտերքով անցնում էր մեկ այլ անցորդ, մռայլվեց.
— Պետք է անել ցածր և փոքր, այդ ժամանակ իսկը կլինի։
«Կարծում եմ՝ նա ճիշտ է», — որոշեց ատաղձագործն ու սկսեց ցածր և փոքր արոր սարքել։
Արհեստանոց մտավ երրորդ անցորդը.
— Լսե՞լ ես նորությունը։ Լեռներում սկսել են վարել հողը, գործը արագ է ընթանում։ Լեռներն էլ, դե գիտես, ամբողջովին ջունգլիներով են պատված։ Այնտեղ վարում են միայն փղերով։ Ա՛յ, եթե դու արոր սարքեիր երեք անգամ բարձր ու երեք անգամ մեծ սրանցից, որ կարողանային փղերին դրանցով բանեցնել, գնորդների պակաս չէիր ունենա։
Լսեց սա ատաղձագործն ու սկսեց սովորականից հինգ անգամ մեծ արորներ սարքել։ Ապրանքը դրեց դրսում և սպասեց գնորդներին։ Բայց անցան օրեր և ամիսներ, իսկ այդ արորներին ոչ ոք նույնիսկ չէին մոտենում։ «Դուրս է գալիս, — մտածեց վարպետը, — իզուր այսքան չարչարվեցի և կոտրեցի այսքան փայտը»։ Հասկացավ, որ ամեն մի անցորդին լսելը հիմարություն էր։ Բայց արդեն ուշ էր։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդ Ղարիբյանի, Քոլեջ, 2-րդ կուրս