Բուլղարական առակ
Մի փայտահատ էր ապրում, և նա ուներ երկու որդի։ Ամեն անգամ՝ անտառ գնալիս, նա իր հետ իր որդիներից մեկին էր վերցնում՝ որպես օգնական։ Մի անգամ փայտահատը ասաց իր որդիներին.
-Այսօր, երեխանե՛ր, դուք մենակ կգնաք անտառ, ես կմնամ տանը, որովհետև շատ հոգնած եմ։
-Բայց հայրիկ,-ասացին երիտասարդները,-եթե սայլը ջարդվի, ո՞վ է մեզ օգնելու վերանորոգել այն։
-Եթե սայլը ջարդվի,-ասաց ծերուկը,-դժբախտությանը կանչեք։ Նա ձեզ կօգնի։
Որդիները լսեցին հորը, եզները կապեցին, գնացին անտառ։ Արագ ցախ կոտրատեցին, սայլը բարձեցին ու գնացին տուն։ Բայց հենց ճանապարհի կեսին սայլը փչացավ։ Երիտասարդները կանգ առան, ու սկսեցին գոռալ.
-Դժբախտությու՜ն, նորոգիր սայլը։
Սակայն նրանց ոչ ոք չպատասխանեց: Սկսեց մութն ընկնել, բայց դեռ դժբախտությունը չկար։ Վերջապես կրտսեր որդին ասում է.
-Ինչպես երևում է այդ դժբախտությունը չի գա։ Արի ինքներս ձեռնամուխ լինենք գործին և նորոգենք սայլը որքան կարող ենք:
Երբ որդիները վերադարձան տուն, հայրը հարցրեց.
-Դե, ինչպե՞ս էր: Լա՞վ էր անտառում:
-Մեր սայլը ճանապարհի կեսին փչացավ,- պատասխանեցին որդիները։ – Մենք սկսեցինք «դժբախտություն» գոռալ, բայց նա չպատասխանեց: Հասկացանք, որ դժբախտությունը չի գա։ Վերցրինք կացինն ու նորոգեցինք սայլը, ինչպես կարող էինք։
-Դա, երեխաներ, դժբախտությունն էր,- հայրն ասաց նրանց, -դուք կանչեցիք նրան, իսկ նա անընդհատ ձեր կողքին էր: Սայլը ուղղող չկար, և դուք ինքներդ նորոգեցիք այն։ Եվ սա նշանակում է, որ դժբախտությունը ստիպեց ձեզ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Տոնոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս