Փոշեպատառ ճանապարհով դեպի ամրոց էին շարժվում իշխան Կամսարականի՝ թշնամու մեծաթիվ զորքին պարտության մատնած հեծյալների գունդը՝ խրոխտ ու հաղթանակից ոգևորված: Իշխանը, որ զգոն ու աչալուրջ մարդ էր, ճանփեզրին՝ ամրոցի դարպասների մոտ, նկատեց ալեհեր մի ծերունու՝ մուրացիկների քուրձը հագին: «Ամենուրեք լրտեսներ են վխտում. պետք է պարզել՝ ով է այս մարդը» ,- մտածեց իշխանը և հրամայեց իր մոտ բերել նրան:
— Ո՞վ ես, ի՞նչով ես զբաղվում,- խստահայաց խոժոռադեմ հարցրեց իշխանը:
Ծերունին խորը ակնածանքով գլուխ տվեց ու ասաց, որ ինքը տաղասաց է, երգում է խնջույքներում. նաև հետաքրքրաշարժ խնդիրներ, հանելուկներ ու խրախճանականներ է առաջարկում մարդկանց: Այ, օրինակ, իշխանը կարող է ասել՝ ինչպես եղավ, որ ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու կինը թխեցին երեք բաղարջ, սակայն յուրաքանչյուրին հասավ մեկ ամբողջական բաղարջ: