Ինչպես բոլոր հին քաղաքակրթություններում, այնպես էլ Հին Եգիպտոսում դիմահարդարումն ի սկզբանե օգտագործվում էր ծիսական, կրոնական և մոգական նպատակներով, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների բուժման համար։ Աստվածներին հաճոյանալու և նրանց զայրույթը մեղմելու նպատակով հարդարանքի պարագաներ հանդիսացող քսուքներով, բալասաններով և ներկերով պատվում էին աստվածների քանդակների մարմնի բոլոր մասերը։ Նույն կերպ հարդարվում էին նաև այդ աստվածություններին ծառայող քրմերը։ Հայտնի է, որ եգիպտական շատ աստվածություններ օժտված էին կենդանիների և թռչունների գլխով, օրինակ` բազեի, իբիս թռչնակի և բորենու։ Այդ կերպարանքները ևս արժանանում էին հոգածության և հարդարման։ Եվ վայ այն քրմին, որը մոռանար էգ առյուծ Սոքմետի քիթը սնգուրել դիմափոշով։