Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։