Փիրուզը (ացտեկական քար, արևելքի քար, երկնային քար) ամենայուրօրինակ թանկարժեք քարերի շարքին է դասվում: Փիրուզը մարդկությանը հայտնի է շատ վաղուց՝ ավելի քանի 5000 տարի առաջ: Տարբեր ժողովուրդների մոտ այս քարը տարբեր նշանակություն ունի, անգամ միմյանցից հակադիր:
«Փիրուզ» բառը պարսկական ծագում ունի, նշանակում է «երջանկության քար», իսկ մեկ այլ մեկնաբանությամբ այն նշանակում է «հաղթանակի քար»: Մեկ ուրիշ տեսակետի համաձայն՝ «փիրուզ» բառն ասորական ծագում ունի: Այլ ժողովուրդների մոտ փիրուզը հայտնի է եղել այլ անուններով: Հնդկացի-ացտեկները շատ բարձր են գնահատել այս քարը և այն կարծիքին են եղել, որ դրանք երկնային աստվածուհու արցունքներն են (հենց այս պատճառով փիրուզը երբեմն անվանում են ացտեկական քար): Ֆրանսիացիները փիրուզն անվանում են «թուրքական քար»: