Առաջին դարբինը

236

Ասում են՝  աշխարհում  առաջին դարբինը Դավիթ մարգարեն  է եղել: Իբրև արդարամիտ ու  անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր  նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից  հանում  էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ  մետաղը  դնում  ծնկներին (այն ժամանակ  ո’չ զնդան կար, ո’չ էլ ունելի) և կռելով  կոփում տաք  ձուլվածքը: Մարգարեի դրացիներից մեկը խնդրում է  նրան իր կրտսեր որդուն  դարբնություն սովորեցնել: Մանրազնին հետևելով վարպետի՝ զարմանալիորեն փութկոտ ու վարժ շարժումներին՝ պատանին՝ ուշիմ ու  ընդունակ,  արագորեն  յուրացնում է  դարբնի  արհեստը:

Սակայն  մի բան դժվարացնում է նրա գործը. նա չուներ մարգարեի  աստվածապարգև  շնորհքը, և  կրակն  այրում էր նրա ձեռքերը: Ձմռան պարզկա մի օր, երբ վարպետը դարբնոցում չէր, մի բրդոտ շունՙ քաղցած ու ցրտից կծկված,  վախվորած քայլերով մտավ  արհեստանոց, մոտեցավ  տաք  քուրային, առջևի ոտքերը մկրատաձև  դրեց իրար վրա ու գլուխը  հենեց ոտքերին:  Աշակերտը նկատեց հնոցի կողքին պառկած շանը, որը,  հաճելի ջերմությունից ընդարմացած, նիրհում էր:  Պատանու հայացքն ընկավ  շան՝ խաչաձև դիրքով  ծալած  ոտքերին, ու  նա մի պահ  արձանացավ. ուղեղում մի միտք  ծագեց. հապճեպ վերցրեց երկաթը, կռեց  մի ունելի, ապա մի զնդան: Երբ մարգարեն մտավ դարբնոց և ձեռքը երկարեց, որ  շիկացած  երկաթը հանի, շանթահար եղավ. ձեռքն  այրվեց: Ապշահար ու շփոթված  նորից փորձեց, դարձյալ նույնը: Տեսնելով վարպետի խուճապահար հայացքը՝ պատանին  անձայն  նրան  մեկնեց իր պատրաստած  ունելին ու զնդանը: Այդ օրվանից Դավիթ մարգարեն հրաժարվեց դարբնությունից ու  երդվեց այլևս արհեստանոց չմտնել:

Աղբյուրըՙ   Հայկ  Խաչատրյան, «Սոսյաց անտառ»

Նյութը  պատրաստեց  Արման Բերակչյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ

Оставьте комментарий