Ամեն ինչը կարևոր է, բայց ամենակարևորը արհեստն է (սերբական հեքիաթ)

kurkin_05

Մի անգամ  թագավորը  որոշում է  իր կնոջ ու  դստեր հետ  նավով բաց ծով  զբոսանքի ելնել:  Դեռ չէին հասցրել ափից հեռանալ, երբ ուժեղ քամի է փչում և նրանց տանում  հեռու-հեռավոր ափեր՝ անհայտ մի երկիր, որտեղ իրենց թագավորության մասին ոչինչ չէին լսել:   Ափ են իջնում: Թագավորը վախենում է  ասել, թե ով է ինքը, իսկ  նրանց  ձեռքին բոլորովին  փող չի  լինում: Թագավորը  ոչ մի արհեստ  չգիտեր, ուստի  նրան աշխատանքի  են վերցնում  որպես   գեղջուկ  նախրապան:

Այդպես  ապրում են  մի քանի տարի: Ու ահա մի օր այդ  երկրի  թագավորի տղան տեսնում է  հովվի աղջկան: Նա գեղեցիկ էր, ինչպես պարզկա լուսաբացը և արդեն հարսնացու էր դարձել: Արքայազնը հայտարարում է  մորն ու հորը, որ ուրիշ ոչ մեկի հետ չի ամուսնանա, բացի այսինչ  գյուղի նախրապանի  աղջկանից: Մայրը, հայրը և բոլոր պալատականները համոզում են նրան չխայտառակել իրենց. ինչպե՞ս  թե, արքայազնը  վերցնի ու  ամուսնանաս ինչ-որ հովիվի աղջկա հետ: Չէ՞ որ աշխարհում այնքան թագավորազն և  արքայազն դուստրեր կան: Բայց ամեն ինչ անարդյունք էր, արքայազնը իրենն է պնդում. «Ինձ ուրիշ ոչ մեկ  հարկավոր չէ»: Տեսնելով , որ հնարավոր չէ հակառակը համոզել՝ թագավորը  ուղարկում է իր վեզիրին հովվին տեղեկացնելու, որ իր արքայազն որդուն ուզում է ամուսնացնել  նրա աղջկա  հետ:  Վեզիրը գալիս է  և հովիվին ասում այդ մասին, իսկ վերջինս  հարցնում է.

-Իսկ ի՞նչ արհեստ գիտի արքայազնը:

Վեզիրը  սարսափում է.

-Աստված քեզ հետ, բարի մարդ, ի՞նչ արհեստ պետք է իմանա թագավորը, և  ի՞նչի համար է նրան պետք արհեստը: Մարդիկ արհեստ են սովորում, որպեսզի ապրեն, իսկ արքայազնը  և’  հողեր, և’ քաղաքներ  ունի:

-Քանի որ նա  ոչ մի արհեստ չգիտի,  ես  նրան  աղջիկ տվողը  չեմ,-ասում է  հովիվը:

Վեզիրը վերադառնում է  պալատ և փոխանցում  թագավորին հովիվի պատասխանը: Պալատականները  ապշում են: Նրանք մտածում էին, որ հովիվը պետք է շատ երջանիկ լինի ու մեծ  պատիվ համարի, եթե  արքայազնը կնության առնի նրա աղջկան, իսկ նա,  տեսեք,  պահանջում է, որ արքայազնը արհեստ իմանա:

Թագավորը իր մյուս  վեզիրին  է ուղարկում, բայց  հովիվը նրան էլ  նույն պատասխանն է տալիս.

-Մինչև արքայազնը  որևէ արհեստ չսովորի և իր ձեռքի աշխատանքը չբերի,  մեր միջև բարեկամություն չի լինի:

Մյուս վեզիրն էլ  վերադառնում է պալատ  և ասում, որ հովիվը կնության չի տա իր աղջկան, մինչև արքայազնը  որևէ  արհեստ չիմանա:  Ուստի  արքայազնը գնում է  շուկա և սկսում  ընտրություն անել, թե ո՞ր արհեստն է ավելի հեշտ սովորել:  Նա անցնում է  մի խանութից մյուսը , տեսնում՝  ինչպես են աշխատում վարպետները  և գալիս մի խանութ, որտեղ  գործվածք են հյուսում:  Այս արհեստը  նրան ամենահեշտն է  թվում:  Նա սկսում է  սովորել և մի քանի օր  անց գործվածք է հյուսում: Նրա աշխատանքը տանում են  հովիվի մոտ, ասում, որ արքայազնը արհեստ  է սովորել, և ահա նրա արտադրանքը: Հովիվը վերցնում է նրա աշխատանքը,  շուռումուռ տալիս,  նայում  բոլոր կողմերից  և հարցնում.

-Իսկ  ի՞նչ արժե սա:

-Չորս  գրոշ, -ասում են:

-Դե ինչ, լավ  է, այսօր  չորս  գրոշ,  վաղը՝  չորս  գրոշ,  դա  քեզ ութ   գրոշ, մյուս օրը՝ տասներկու:  Եթե ես այս արհեստն իմանայի,  նախրապան չէի լինի:

Ապա  պատմում է  թագավորը,  թե ով է ինքը և ինչպես է այդտեղ հայտնվել: Բոլորը ուրախանում են, որ կնության են առնում ոչ թե  հովիվի աղջկան, այլ  թագավորի դստերը: Պսակում են   երիտասարդներին և ուրախ հարսանիք անում: Հետո թագավորին նավեր ու մարդիկ են տալիս,  և նա վերադառնում է  իր երկիրը:

Ռուսերենից թարգմանեց և տեղադրեց Անի Հարությունյանը, քոլեջ, գրադարանավար

Աղբյուրը՝  այստեղ:

Оставьте комментарий