Ամենակարևորը ինքնակատարելագործվելն է

47be18_d6de6c19a5574b078d3a0072419231ed-mv2

-Մի փոքր պատմեք Ձեր մասին, ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-Նախ ներկայանամ, Մերի Խանջյան, աշխատում եմ  ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի քոլեջում, դասավանդում եմ կար ու ձև և մոդելավորում: Արդեն 12 տարի կլինի, միգուցե քիչ ավելին, ինչ կրթահամալիրում եմ, շատ եմ սիրում մասնագիտությունս: Դեռ փոքրուց  շատ հետաքրքիր էր այս մասնագիտական ասպարեզն ինձ, սիրում էի ձևափոխել ու կարել տարբեր հագուստներ տիկնիկներիս համար: Հիշում եմ` փոքր կարի մեքենա ունեի, ծնողներս էին նվիրել, շատ հաճույքով էի աշխատում` հետագայում ինքնաբերաբար հասկանալով, որ գտել եմ իմը և ուզում եմ դառնալ մոդելավորող:

-Ի՞նչ մասնագիտական կրթություն եք ստացել:

-Հիշում եմ՝ դեռ դպրոցում էի սովորում` 8-րդ դասարանում, սկսեցի հաճախել Ատեքս նորաձևության կենտրոն՝ հագուստի մոդելավորման բաժին: Նշեմ, որ մանսագիտությանս առաջին հմտությունները ստացել եմ ռուսաց լեզվով, ինչն, անկեղծ ասած, օգնեց կամ միգուցե և խանգարեց ինձ: Սովորելու ընթացքում բավականին հմտացա: Սովորեցի ձևել, կարել, գծագրեր կառուցել: Հետագայում՝ արդեն դպրոցն ավարտելուց հետո,  ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հագուստի մոդելավորման ֆակուլտետ: Սովորելուց ու  համալսարանն ավարտելուց հետո  մասնագիտական գիտելիքներս էլ ավելի համալրելու ցանկությամբ ուսումս շարունակեցի նաև Թեթև արդյունաբեության քոլեջի հագուստի մոդելավորման բաժնում: Այստեղ ստացա գիտելիքների մեծ պաշար՝ համալրելով ու էլ ավելի բարելավելով համալսարանում ստացած գիտելիքներս թեˆ տեխնոլոգիայի և թեˆ նախագծման առումով: Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների՝  ներկայացնելով իմ աշխատանքները: Անհամեստություն չթվա՝ եղել եմ ամենալավ ուսանողների շարքում ևս:

-Ի՞նչ երազանքներ եք ունեցել, արդյոք երազե՞լ եք աշխատել դպրոցում և վաղո՞ւց եք աշխատում։

-Անկեղծ ասած՝  չէի մտածում, որ հետագայում դպրոցում կաշխատեմ, երազանքս չի եղել (ծիծաղում է): Ընդհակառակը, մտերիմ ընկերուհիներով երազում էինք նորաձևության սրահ բացել: Կյանքի բերումով  չստացվեց իրականացնել երազանքս, սակայն բախտի բերումով, թե պատահականությամբ լսեցի կրթահամալիրի մասին, եկա էստեղ ընդունվելու: Հիշում եմ դեռ 12 տարի առաջ տիկին Շողիկն էր կար ու ձևի ուսուցչուհին: Իր ուղեկցությամբ միգուցե և միջնորդությամբ անցնելով որոշակի փորձաշրջան՝  ընդունվեցի աշխատանքի:

 -Ովքե՞ր են Ձեր ուսանողները։

-Դասավանդել եմ կրտսեր դպրոցներում, 5-6 դասարաններում, «Գործունեություն» առարկան (ընտրությամբ), այդ ժամանակ մեզ մոտ արհեստագործական դպրոց էր: Դասավանդել եմ նաև 8-9 դասարաններում նաև կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում: Իսկ վերջին  3-4 տարին դասավանդում եմ  միայնն 1 ամյա ուսուցմամբ, «Կարի արտադրության տեխնոլոգիա» բաժնում: Ունեմ ուսանողներկի տարբեր տարիքային խմբեր՝ և′ կանայք և′ աղջիկներ: Վերջին 2 տարին, բացի կար ու ձև և մոդելավորումից, դասավանդում եմ նաև բատիկա (ընտրությամբ)՝ որպես լրացուցիչ կրթություն, ևս 1 ամյա կրթությամբ: Բատիկան նույնպես կապված է կտորի հետ` նկարչություն է կտորի վրա, արդյունքում շատ գեղեցիկ արվեստի գործեր են ստացվում:

-Ի՞նչն է կապում Ձեզ կրթահամալիրի հետ։

-Անկեղծ, իրոք սիրում եմ աշխատանքս, շատ հետաքրքիր միջավայրում եմ աշխատում, որն օգնում է ինձ ինքնակրթությամբ զբաղվել, ստեղծագործել սրտիս ուզածի չափ, զարգացնել մասնագիտական հմտություններս, նորամուծություններ անել մասնագիտական բնագավառում առանց սահմանափակման և որն ամենակարևորն է՝ ինքնակատարելագործվել: Մեծ հաճույք եմ ստանում նաև, երբ տեսնում եմ սաներիս հաջողությունները, երբ ապարդյուն չեն քո արած աշխատանքն ու ջանքերը:

-Ի՞նչ նախագծեր կամ աշխատանքներ եք իրականացրել մինչ այս և իրականացնելու այս ուսումնական տարում։

-Այս տարիների ընթացքում կատարել և կատարում ենք մինչ հիմա մի շարք նախագծեր: Հիմնականում կարում ենք, այսինքն պատվերներ ենք իրականացնում կրթահամալիրի շրջանակներում: Աշխատանքները իրականացվում են մեր օղակում` արհեստանոցում: Բոլոր աշխատանքներին մասնակցում են մեր ուսանողները, որոնք իրենց հերթին ստանում են որոշակի խրախուսական գումար իրենց կատարած աշխատանքի դիմաց: Կարում ենք ներքնակներ, գոգնոցներ, վարագույրներ, տարբեր կերպարային հագուստներ և արտահագուստներ մեր նախակրթարանի համար: Կրթահամալիրում նաև անց են կացվում տարբեր ցուցահանդես-վաճառքներ, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքները:

-Ձեր կարծիքով մեր ժամանակներում արդիակա՞ն է արդյոք դերձակի մասնագիտությունը։

-Հավատացեք՝ այո′: Հիմա բոլորն ուզում են ինքնատիպ լինել, ինչո՞ւ չէ նաև իրենք իրենց հագուստը կարել, այդ առումով հիմա ավելի արդիական է այս մասնագիտությունը, քան մի քանի տարի արաջ:

Հարցազրույցը վարեցին ուսանողներ Մարիաննա Հապետյանը, Մարինե Խաչատրյանը, քոլեջ, լուսանկարչության 1 կուրս

 

Оставьте комментарий