Խնձորի կամ սալորի մարմելադ

15087048_1150737201708184_677515428_n

Սեբաստացու օրերի առթիվ մրգային մարմելադի իր բաղադրատոմսն է առաջարկում մայրենիի ուսուցչուհի Թամար Ղահրամանյանը:

Տնային պայմաններում մարմելադ պատրաստում են թթվաշ մրգերից, որոնց եփած խյուսը հեշտ է մակարդվում:  Սովորաբար պատրաստում են խնձորից ու սալորից:

Կեղևում ենք խնձորը, կտրատում, լցնում կաթսան ու ավելացնում մի քիչ ջուր, որ եփելիս կաթսայի տակը չկպչի:  (Սալորի դեպքում հեռացնում ենք կորիզները և եփում առանց ջուր լցնելու): Զանգվածն անցկացնում ենք  փլավքամիչով ու դնում եփելու այնքան, որ նկատելիորեն  գոլորշանա հեղուկ մասը: Ապա ավելացնում ենք մեկ կիլոգրամին կես կիլոգրամ հարաբերությամբ շաքարավազ ու շարունակում եփել այնքան, որ զանգվածը թափանցիկ դառնա (2-3 ժամ):  Պատրաստի զանգվածը լցնում ենք ջեռոցի էմալապատ թավաների մեջ, 1-2 սմ հաստությամբ և թողնում չորանալու: Չորացնել կարելի է թե´ ամռանը արևի տակ, թե´ տարվա մնացած եղանակին՝ տանը: Չորացնում ենք՝ լերդացած զանգվածը շրջելով, այս գործընթացը շատ երկար է տևում, մինչև պնդանա և ջրային հետք վրան չմնա:  Որպեսզի արագ չորանա, կարելի է լերդացած զանգվածը գաթայի դանակով  նախապես կտրատել   փախլավայաձև: Լիովին չորանալուց հետո թաթախում ենք  շաքարավազի մեջ և դասավորում  բանկաների մեջ: Այս բնական քաղցրավենիքը կարելի է ողջ տարին ունենալ տանը:

Բաղադրությունը՝

1 կգ խնձոր կամ սալոր, 0,5 կգ շաքարավազ:

Հ. Գ. Խնձորի կեղևը  մի´ շտապեք դեն նետել, լցրե´ք բանկայի մեջ, մինչև ծայրը ջրով ծածկե´ք, ավելացրե´ք մի  սուրճի բաժակ շաքարավազ և թողե´ք   թթվի: 40  օր անց կունենաք պատրաստի խնձորի քացախ:

Գրի առավ Դիանա Հարությունյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան

Оставьте комментарий