Աշխարհում առաջին անգամ թուղթ պատրաստվել է Չինաստանում մեր թվարկության երրորդ դարում: Չինացիներն անչափ գաղտնապահ էին: Նրանց գյուտերը հեշտությամբ չէին դուրս գալիս չինական սահմաններից: Այդ պատճառով էլ աշխարհը թղթի ստացման գաղտնիքը շատ ուշ իմացավ: Չինացիները թուղթ պատրաստում էին բամբուկից: Այս բույսի բարակ ու ճկուն ցողունը մաքրում էին տերևներից, թրջում ջրում և մեծ դանակներով մանր-մանր կտրատում:
Այնուհետև բամբուկը եփում էին և երկար ժամանակ ծեծում հավանգով: Ծեծած զանգվածը լավ խառնում էին, ապա վրան ավելացնում ջուր և սոսինձ: Բամբուկի շիլայից թերթերը պատրաստվելու համար չինացիներն օգտվում էին շերեփ-կաղապարից: Այդ կաղապարով թղթե զանվածը հանում էին չանից: Ցանցի վրա մնում էր թղթի բարակ շերտ, իսկ ջուրը թափվում էր ցանցի տակից: Թղթի թերթը դնում էին սեղանին, նրա վրա երկրորդը, երրորդը: Երբ առաջանում էր մի քանի հարյուր թերթերի կույտ, այն սեղմում էին ծանր տախտակով, որպեսզի քամվեր մնացած ջուրը: Ապա չորացնում էին այդ թերթերը, և թուղթը պատրաստ էր:
Նյութը պատրաստեց Արթուր Գրիգորյանը, արհեստների դպրոց