Հարցազրույց Ժողովրդական վարպետ Սրբուհի Մովսիսյանի հետ

12108981_955675241145030_9211772073555482947_n

Ներկայացեք խնդրեմ:

-Ես Սրբուհի Մովսիսյանն եմ,  դեկորատիվ-կիրառական արվեստի ժողովրդական վարպետ: Դեռ մանուկուց սիրել եմ ժողովրդական արհեստները՝ տիկնիկագործությունը, ասեղնագործությունն ու հելունագործությունը: Հիշում եմ, թե ինչ խնամքով էի հավաքում ու պահում տանը եղած մանր կտորները տիկնիկներ պատրաստելու համար,  գունավոր ստվարաթղթերը  թեմատիկ նկարներ անելու համար: Տարիների հետ ստեղծագործելու իմ  սերը դարձավ  իմ կյանքի գործը:

  Ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ նկարիչների  միությունում, Երևանի բնության թանգարանում, քաղաքապետարանի կողմից կազմակերպված  «Երևանի տիկնիկագործներ» ցուցահանդեսում: Բազմիցս մասնակցել եմ նաև Ամանորյա բարեգործական ցուցահանդեսների: Այսօր իմ  աշխատանքներից մի քանիսը գտնվում են Սան Ֆրանցիսկոյի  «Արմենիա հանդմեդ» ցուցահանդեսում:

-Ինչպե՞ս եք ստեղծագործում, ընտրում այն թեմաները, որոնք առանցքային են դառնում Ձեր աշխատանքների համար: 

-Այո՛,  սիրում եմ աշխատել  ըստ թեմաների,  առջևում Ամանորի տոներն են, հիմա  պատարաստում եմ  կոլաժներ Սուրբ Ծննդյան թեմաներով, տոնածառի խաղալիքներ ազգային զարդանախշերի կիրառմամբ, Սուրբ Զատկի տոնի  աշխատանքները կրում են տոնին բնորոշ առանձնահատկությունները:  Աշխատում եմ տարբեր նյութերով՝  կարպետագործություն,  հելունագործություն ու ասեղնագործություն, խմորագործությունն ու տիկնիկագործություն:  Ի դեպ, ասեմ, որ իմ «Արևածաղիկներ»  խմորից պատարաստված աշխատանքի շնորհիվ է, որ արժանացել եմ ժողովրդական վարպետի կոչման, որն այսօր գտնվում է Մոսկվայի  ժողովրդական  արհեստների ցուցասրահներից  մեկում:  Ժամանակ առ ժամանակ  անցկացնում եմ վարպետության դասեր ԷՕՆ  ինտերակտիվ ակումբում, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնում,  «Կէան» հայ ժողովրդական մշակութի ուսումնագործնական  կենտրոնում:

— Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է   այսպիսի աշխատանքով  այնքան վաստակել, որ հնարավոր լինի կենսական խնդիրներ հոգալ:

— Ժամանակին ես այս ճանապարհով ավելի շատ էի վաստակում ու հոգում իմ ընտանեկան կարիքները:  Ես ամեն մի աշխատանք ստեղծել եմ որպես անհատական  ստեղծագործություն,  միշտ խուսափել եմ մասսայական արտադրանք թողարկելուց, իմ ամեն մի աշխատանքի մեջ  շունչ ու հոգի եմ դնում, չգիտեմ՝ որքանով է ինձ հաջողվում, բայց  ուզում եմ, որ  յուրաքանչյուր աշխատանք  չկրկնվող, եզակի  լինի ու կրի իմ անհատականության կնիքը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա երիտասարդներին՝ պատանիներին և աղջիկներին:

-Այսօր շատ է խաթարված մեր ազգային նկարագիրը: Արևմուտքից, արևելքից  թափանցող շատ  հոսանքներ աղավաղում,  ձևախեղում են  մեր նկարագիրը, խաթարում մեր  ազգային արժեքները:  Կուզենայի, շատ կուզենայի, որ մեր  երիտասարդները  ազգային մեր արժեքների կրողը  լինեին,  հավատարիմ մնային  իրենց պապերի ու հայրերի ստեղծած ավանդույթներին, զգուշությամբ,  հետևողականությամբ  ու երկյուղածությամբ  յուրացնեին  ժողովրդական արհեստների գաղտնիքները  և ոչ միայն  փոխանցեին եկող սերունդներին, այլև  այսօրվա իրենց ստեղծածը կարողանային նախ և առաջ մատուցել ու ներկայացնել աշխարհին:

-Այսօր համակարգիչը թափանցել է գիտության ու արվեստի բոլոր ոլորտները, ի՞նչ եք կարծում,  այն կարող է օգտակար լինել ժողովրդական արհեստների  տարածման գործում:

Չգիտեմ, տարածման գործում՝ գուցե,  բայց ես ուզում եմ խոսել նաև մի կարևոր երևույթի մասին, մեր պատանիներն ու աղջիկները սկսել են շատ ժամանակ անցկացնել համակարգչի առջև:  Այնինչ այդ ժամանակը կարող են  ավելի  նպատակամետ  անցկացնել: Համակարգիչը չի կարող արտահայտել ստեղծագործող մարդու հոգին ու զգացմունքը:  Ստեղծող,  արարող մարդն ինքն իր հետ  հաշտ ու ներդաշնակ է  ապրում,  ստեղծագործելու ունակությունը մարդուն  ինքնավստահություն է հաղորդում, բարձրացնում է նրա ինքնագնահատականը, հոգեկան  անդորր  պարգևում:

-Մի քանի խոսքով ներկայացրեք  Ձեր առաջիկա ծրագրերն ու անելիքները:

-Արդեն նշեցի, որ  պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան  տոնին:  «Կէան» հայ ժողովրդական մշակութի ուսումնագործնական կենտրոնում   ուզում  ենք ներկայացնել  Սուրբ  Ծննդյան տոնի ծեսը՝  ծեսի խորհրդով,  կենաց  ծառի հեքիաթով, արարողական մասին  կհաջորդի վարպետության դաս՝ «Տիկնիկների ու տոնական խաղալիքների պատրաստում» թեմայով:

Հարցազրույցը վարեց  դասավանդող Թամար Ղահրամանյանը

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий