Ոսկին դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է: Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է:
Բնության մեջ ոսկին հանդիպում է և՜ բնածին, և՜ քիմիական միացությունների ձևով: Բնածին ոսկու խոշոր կտորներին տրվում են հատուկ անուններ, և պահվում են թանգարաններում: Ավստրալիայում հայտնաբերված ամենախոշոր կտորները՝ «Հոլտերմանի սալը» (93,5 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել: Ռուսաստանում բնածին ոսկու ամենախոշոր (36 կգ) կտորը գտնվել է Ուրալում 1842 թ-ին և կոչվել է «Մեծ եռանկյուն»: Աշխարհում ոսկու հիմնական պաշարները գտնվում են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Կանադայում:
Հայաստանում և ԼՂՀ-ում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ: Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի (Կոտայքի մարզ), Ղարաբաղում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը:
Ոսկին ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, սակայն զիջում է արծաթին: Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ: Նրանից կարելի է գլանել շատ բարակ նրբաթիթեղ և ձգել բարակ լար:
Ոսկերչության մեջ ոսկուց` թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ, պատրաստում են զարդեր: Մաքուր ոսկին կիրառվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում, ոսկու նրբաթիթեղներն օգտագործվել են հայկական միջնադարյան մանրանկարչության մեջ: Ոսկին օգտագործվում է նաև ժամացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու, ոսկու համաձուլվածքները՝ դրամ, մեդալներ հատելու, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ լուսանկարչության և բժշկության մեջ:
Աստվածաշնչում ոսկին հաճախ հիշատակվում է որպես հոգևոր հարստության խորհրդանիշ:
Ոսկին խորհրդանիշ է մաքրության, առաքինության և ազնվականության, այն հիշատակվում է դեռևս Ծննդոց գրքում: Ոսկե մետաղադրամները երկար ժամանակ հայտնի չէին. եգիպտական հուշարձանների վրա կարելի է տեսնել կշեռքով կշռվող ոսկյա մատանիներ, որոնք ծառայել են որպես դրամներ: Հնագույն ժամանակներից ի վեր ոսկուց պատրաստում էին զարդեր: Այն օգտագործվում էր խորանի կառուցման ժամանակ, ինչպես նաև դրա համար նախատեսված սպասքի, քահանայապետերի զգեստների, նաև տարբեր զարդարանքների ու սպասքի վրա: Ոսկերիչ վարպետների աշխատանքների մասին վկայություններ կան Առակների գրքում: Հավանաբար ոսկու մեծ պաշարներ ունենալով՝ Սողոմոնը մեծաքանակ ոսկի է օգտագործել հատկապես տաճարի կառուցման ժամանակ: Դավիթն այդ նպատակի համար թողել էր 100 000 տաղանդ ոսկի (մոտ 250 000 փութ) և մեկ միլիոն տաղանդ արծաթ (մոտ 2 500 000 փութ): Տաճարի ոսկյա սպասքը հետո դարձավ Նաբուգոդոնոսորի սեփականությունը, բայց վերադարձվեց հրենաներին պարսից Կյուրոս արքայի միջոցով:
Աղբյուրը՝ համացանց:
Նյութը պատրաստեց Էդմոնդ Պարսամյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ