Մի ամռան հայրս ինձ տարավ հյուսնագնացության: Այդպես էր կոչվում շրջիկ հյուսների աշխատանքը: Հավաքվում էին գյուղի մի քանի հմուտ հյուսներ, խումբ կազմում, սայլերը բեռնում տարբեր չափսերի կոճղերով, գերաններով ու գործիքներով և մեկնում անտառազուրկ գյուղերը: Դա գրեթե շրջիկ թատրոնի նման մի բան էր: Հյուսների խումբը կանգնում էր գյուղի հրապարակում կամ կենտրոնական փողոցում և տեղնուտեղը պատվիրատուի ընտրած կոճղից ու գերանից պատրաստում խնոցի կամ տաշտ: Ինձ ապշեցնում էին հյուսների վարպետությունը, արագաշարժությունն ու հմտությունը: Թվում էր, թե նրանք մրցում էին ինչ-որ մեկի հետ և ձգտում հաղթող դուրս գալ:
Շրջիկ հյուսների շուրջը շատ ժաղովուրդ էր հավաքվում, ասես դա ոչ թե աշխատանքի ցուցադրություն էր, այլ՝ տոնավաճառ-ցուցահանդես: Հայրս ասում էր, որ հյուսնի վարպետությունը հավաստելու ամենամեծ քննությունը այդպիսի շրջագայությունն է, որը աշխատանքի փառաբանության ամենահին տոնն է հայոց մեջ: Երեք հազար տարի առաջ՝ նավասարդյան տոնախմբությունների ժամանակ, մեր պապերն այսպիսի մրցության մեջ էին մտնում և փայտի զարդարանքներ պատրաստում նավասարդավորների համար: Այն ժամանակ հաղթող հյուսնի գլխին ուռենու պսակ էին դնում: Հիմա միայն վարձատրում են. պսակադրության արարողությունը մնացել է որպես հուշ: Առանց այդ հուշի ոչ մի հյուսն չի կարող որևէ բան սարքել: Մեծ նավասարդը փոքրացել, հյուսնագնացության պես մի բան է դարձել: Բայց հոգ չէ, տղա’ս, մեկ էլ տեսար նորից նավասարդ եղավ: Ժողովրդի հիշողությունն ու սովորությունը աղբյուրի նման են. մեկ վարարում են, մեկ բարակում: Կարևորն այն է, տղա’ս, որ չցամաքի, թե չէ՝ նեղ ու լայն օրվան մենք վաղուց ենք ծանոթ: Հայոց նավասարդյան տոնախմբության այդ հեռավոր հուշն էլ հորս հետ գնաց այս աշխարհից: Շատ տարիներ հետո միայն գլխի ընկա, որ հայրս նավասարդյան տոնախմբությունների վերջին տուտն էր:
Հայկ Խաչատրյան, «Սոսյաց անտառ», 158-159 էջ:
Մուտքագրեց Սվետլաննա Սիրադեղյանը, քոլեջ, 1-ին կուրս, նախադպրոցական ուսուցում