Սեբաստացիական պատումներ․ Անիտա Գևորգյան

74634603_391694995107250_4998545306304905216_n

Ես Անիտան եմ՝ 2-րդ կուրսի ուսանող: Դեռ մեկ տարի առաջ՝ քոլեջ ընդունվելիս, իմ դիմաց արդեն իսկ դրված էր մասնագիտական ընտրության կարևոր մի խնդիր, թե ի՛նչ ուղով պետք է շարունակեմ, ո՛վ եմ լինելու ես՝ որպես մասնագետ: Անկեղծ ասած՝ դա երկար տարիների մտածմունք էր թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս համար:

Հիմնական կրթությունս ավարտելուց հետո շարունակելիք միջնակարգ կրթությունս 3 տարով հետաձգվեց․ պատճառներից ամենագլխավորը կողմնորոշվածություն չունենալս էր։  Երկրից բացակայելն էլ ոչ պակաս ազդեցություն ունեցավ: Վերադառնալով Երևան՝ երկար դադարից հետո շարունակեցի ուսումս, այդ հարցում ինձ օգնեց իմ ընտանիքը, իրենց շնորհիվ էլ ես գտա իմ տեղն ու ինձ: Քոլեջ ընդունվելով՝ ընտրեցի «Հագուստի նախագծման ու մոդելավորման» բաժինը: Չնայած  նրան, որ մասնագիտական դասընթացները սկսվում են 2-րդ կուրսից, ես ամեն հարմար պահի սկսեցի ընկեր Մերիի կարի ու ձևի սենյակ այցելել ու կամաց-կամաց սովորել, որ կորցրած ժամանակս լրացնեմ: Դեռ մանկուց սիրել եմ նկարել ու ստեղծագործել: Սերս դեպի մոդելավորումն ավելի մեծացավ  շնորհիվ իմ շատ սիրելի ընկեր Մերիի և ընկեր Թերեզի:

Այս ուսումնական տարվա մեկնարկը շատ բարեհաջող է տրվել: Ընկեր Տաթևի մտահաղացմամբ դեռ սեպտեմբերի սկզբին ստեղծվեց մի նախագիծ, որում մենք՝ հագուստի մոդելավորման խմբի ուսանողներս, պետք է ցուցադրենք մեր պատրաստած մոդելները: Իմ մոդելի ստեղծման գործընթացը փոքր-ինչ դանդաղ էր առաջ գնում, քանզի նորաոճ մի բան պետք է մտածեի: Անցած ամբողջ ամիսը նվիրվեց էսքիզավորմանը, և այսօր ու այս պահին ունեմ պատրաստի մոդել: Աշխատանքս այս պահին գտնվում է կարելու փուլում: Հուսամ՝ այն ճանապարհը, որով առաջ եմ գնում, ճիշտ ուղղությամբ կտանի ինձ: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք, իսկ մենք կհանդիպենք դեկտեմբերին կայանալիք նախագծի ամփոփմանը:

Պատումը՝ Անիտա Գևորգյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий